Մարդու իրավունքների միջազգային չափանիշները
- Aug 17
- 1 min read
Մարդու իրավունքների միջազգային չափանիշները՝ Սահմանադրության մեկնաբանման գործիք
Ժամանակակից սահմանադրական իրավունքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի սահմանափակվում միայն Սահմանադրության տեքստով։ Ազգային դատարանները, կիրառելով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերը, հաճախ կանգնում են բարդ հարցի առջև․ ինչպե՞ս համադրել ներպետական իրավունքը, Սահմանադրությունը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունները։
Այս խնդիրը հատկապես տեսանելի է այն դեպքերում, երբ ազգային իրավակարգում բախվում են տարբեր իրավական աղբյուրներ․ օրինակ՝ Սահմանադրության դրույթը և մարդու իրավունքների միջազգային պայմանագիրը, կամ նույնիսկ նույն իրավաբանական ուժ ունեցող երկու միջազգային պայմանագրեր։ Նման իրավիճակներում կիրառվում են իրավունքի ընդհանուր սկզբունքները՝ lex posterior derogat priori և lex specialis derogat generali, սակայն դրանց կիրառումը միշտ չէ, որ պարզ և մեխանիկական է։
Շատ պետություններ այս խնդրի լուծման համար իրենց սահմանադրություններում նախատեսել են հատուկ մեկնաբանման կանոններ։ Օրինակ՝ Ռումինիայի Սահմանադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիների իրավունքների և ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթները պետք է մեկնաբանվեն և կիրառվեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և պետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան։ Նմանատիպ մոտեցումներ առկա են նաև Պորտուգալիայի և Իսպանիայի սահմանադրական կարգավորումներում, որոնք ազդեցություն են ունեցել նաև Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների սահմանադրությունների վրա։
Հայաստանի Սահմանադրությունը ևս նախատեսում է նման հստակ կառուցակարգ։ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։ Բացի այդ, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները։





Comments